Ավշային հանգույցների քաղցկեղով հիվանդ 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար, նախօրեին Մոսկվայի տանը «Փրկեք» երիտասարդական նախաձեռնության անդամները բարեգործական համերգ էին կազմակերպել։ «Արվեստը հանուն կյանքի» խորագրով համերգից հավաքվել է 280 հազար դրամ, որն այսօր կամ վաղը կփոխանցվի Էրիկի հաշվեհամարին՝ քիմիաթերապիա ստանալու համար։
«Այսօր առավոտյան խոսել ենք Էրիկի տատիկի հետ եւ նա ասաց, որ երրորդ քիմիաթերապիան այսօր պետք է սկսեն։ Ըստ էության, նրանց էլի գումար է անհրաժեշտ։ Որպեսզի գումարի պակասություն չլինի, մենք հոկտեմբերի 2-ին եւ 3-ին նախաձեռնել ենք նոր միջոցառում՝ թատերական ներկայացում Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում։ «Հայ միասնության խաչի» «Անուրջներ» թատրոնը ներկայացնելու է «Թակագին Ելենա Սերգեեւնա» դրաման՝ երկու գործողությամբ»-NEWS.am-թղթակցի հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ Արման Ղարիբյանը՝ հավելելով, որ ներկայացումից հավաքվելիք գումարը դարձյալ կհատկացվի Էրիկի երրորդ քիմիաթերապիային։
Բժիշկները ներկայումս Էրիկի վիճակը բավարար են գնահատում, սակայն նա պետք է եւս 3 քիմիաթերապիայի կուս անցնի:
Նշենք, որ «Արվեստը հանուն կյանքի» համերգին հրավիրված էին նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Սակայն նրանցից եւ ոչ մեկը ներկա չէր։
«Ռիտա Սարգսյանի օգնականը զանգեց եւ զգուշացրեց, որ առաջին տիկինը չի կարող գալ, փոխարենը հաշվեհամարը խնդրեց, հավանաբար, դրամական փոխանցում կատարելու համար»,-ասաց Արման Ղարիբյանը։ Նա նաեւ նշեց, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը համերգի օրը 40 հազար դրամ է տրամադրել։
Հավելենք, որ «Փրկենք» նախաձեռնությունը 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում եւ Էրիկի հաշվեհամարին արդեն փոխանցվել է շուրջ 4 մլն դրամ։ «Արվեստը հանուն կյանքի» համերգը «Փրկենք» նախաձեռնության կազմակերպած թվով երկրորդ բարեգործական միջոցառումն է։





























