Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) 2010-2011թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը, որին մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, Ճեմարանի դասախոսական կազմն ու սաները:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչության անունից բացման խոսքով հանդես է եկել փոխտեսուչ Տ. Տիրան աբեղա Պետրոսյանը: Հոգեւոր եւ ազգային երգերի կատարումից հետո ուսանողության անունից երախտիքի խոսք է ասել Արմեն ուրարակիր Սահակյանը:
Վերջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից օրհնության խոսք ասաց Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը. «Դուք, սիրելի ուսանողներ, Հայ Եկեղեցու զինվորներն եք, եւ այս զինվորագրությունը շատ ավելի մեծ պատիվ է բերում մարդուն, քան որեւէ այլ զինվորագրություն»,-նշել է Սրբազանը:
Նշենք, որ այս տարի Գեւորգյան հոգեւոր ճեմարան է ընդունվել 14 սան: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 128 հոգի: Ճեմարանում դասավանդում եմ 22 եկեղեցական եւ 28 աշխարհական դասախոսներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի 2010-2011թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբեր 12-ին, Սեւանի դպրեվանքում: Այս տարի Վազգենյան հոգեւոր դպրանոցի ուսանողության շարքերը համալրել են 28 երիտասարդներ: Ուսանողության ընդհանուր թիվը կազմում է 66 հոգի:





























