Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վանական խորհրդի նախագահ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանն ընդունել է Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Զալցբուրգի արքեպիսկոպոս դոկտոր Ալոյս Քոթգասերին եւ «Պրո-Օրիենտե» կազմակերպության ներկայացուցիչներին:

Փառեն Սրբազանն իր խոսքում տեղեկացրել է, որ Գարեգին Բ-ն այս օրերին այցով գտնվում է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմում: Սրբազանը անդրադարձել է նաեւ Մայր Աթոռի եւ Վատիկանի միջեւ առկա սերտ եղբայրական հարաբերություններին, ինչպես նաեւ տասնամյակների համագործակցությանը «Պրո-Օրիենտեի» շրջանակներում:

Պատասխան խոսքում Զալցբուրգի արքեպիսկոպոսն անդրադարձել է «Պրո-Օրիենտե» կազմակերպության գործունեությանը` ի մասնավորի վերհիշելով կազմակերպության ղեկավարության բազում հանդիպումները Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալների հետ:

Զալցբուրգի արքեպիսկոպոսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ավստրիայի քաղաքական, հասարակական բազում գործիչներ, ներկա է գտնվել նաեւ Պատարագի սրբազան արարողությանը: