Հայաստանի կառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի առաջին հարցով քննարկվել եւ հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ փուլի Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի եւ գույքի ճշգրտման ու գնահատման խորհրդատուի հետ կնքվող պայմանագրի նախագիծը։

Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին փուլի շինարարական աշխատանքների վերահսկողության եւ Երկրորդ փուլի ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների մասին։ Կառավարման խորհուրդը հաղթող է ճանաչել մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպությանը եւ հաստատել հաղթած ընկերության հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։

Կառավարման խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցեր եւս։ Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը` հաշվի առնելով ներկայացված բոլոր փոփոխությունները, լրացումները եւ առաջարկությունները։ Խորհուրդը հաստատել է նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Աշտարակ-Թալին ու Երրորդ տրանշի Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության Տեխնիկական առաջադրանքը։