ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, ըստ որի՝ գների չհիմնավորված բարձրացման դեպքում առաջացած գերշահույթն ամբողջությամբ պետք է փոխանցվի պետբյուջե: «ՉԻ»-ն այս առթիվ հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Թվում է՝ լավ առաջարկ է: Իսկապես, եթե օլիգարխները ստիպված լինեն գերշահույթներն ամբողջությամբ փոխանցել պետբյուջե, էլ ինչո՞ւ պիտի արհեստականորեն բարձրացնեն գները: Բայց սա հարցի միայն մի կողմն է:
Խնդիրն այն է, որ եթե այս առաջարկն ընդունվի, կառավարությունն ինքը շահագրգռված կլինի, որ ամեն ինչ համատարած թանկանա (որպեսզի գերշահույթները հոսեն պետբյուջե): Իսկ օլիգարխները դրանից առանձնապես չեն տուժի. իրենց համար ի՞նչ տարբերություն՝ գերշահույթներ չե՞ն ստանում, թե՞ ստանում են ու փոխանցում պետբյուջե: Այնպես որ, բոլորը գոհ ու շնորհակալ կլինեն. ե՜ւ կառավարությունը, ե՜ւ օլիգարխները: Իսկ հասարակությունն, ինչպես միշտ, ոչինչ չի շահի: Ի՞նչ տարբերություն՝ իր վճարած գումարն օլիգարխների՞ գրպանն է գնում, թե՞ կառավարության»:




























