Գերմանիայի ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում պետք է կրակ բացի միգրանտների ուղղությամբ, որոնք փորձում են ապօրինի մուտք գործել երկիր: Այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» եվրոհոռետեսների աջ կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ֆրաուկե Պետրին, հաղորդում է Die Zeit-ը:
Նրա խոսքով, իրավապահները պետք է կանգնեցնեն միգրանտների հոսքը, որոնք փորձում են Գերմանիայի տարածք մտնել Ավստրիայից: Նման դեպքերում, ըստ նրա, զենքի կիրառումն անհրաժեշտ է:
«Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց դա ծայրահեղ միջոց է: Արտակարգ իրավիճակներում սահմանին իրավապահները պետք է զենք օգտագործեն: Այդ մասին ասված է օրենքում»,-ամփոփել է Պետրին:
Նրա այս հայտարարությունը քննադատության է արժանացել ինչպես շատ գերմանացի քաղաքական գործիչների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Heute-ն: Մասնավորապես, Գերմանիայի ոստիկանության արհմիությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կրակի մարդկանց վրա, հաղորդում է Lenta-ն:



























