Անկարան պատրաստվում է Կատարում բազմաֆունկցիոնալ ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայի ինչպես օդային, այնպես էլ ծովային նավատորմը։ Այսպիսով՝ Թուրքիան իր ենթակայության տակ տեղանք կստանա Պարսից ծոցում, որտեղ արդեն մի քանի բազա ունի ԱՄՆ-ը։ Դրա հաշվին Թուրքիան կդառնա այն պետություններից մեկը, որն անմիջականորեն կարգավորում է Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգության համակարգերի մեխանիզմները, գրում է Inosmi-ն՝ վկայակոչելով Institute for Middle East Strategic Studies-ը։
Ապագայում այդ ֆորպոստը Թուրքիայի ԶՈւ-ին Կարմիր ծովում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Պարսից ծոցում ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորություն կապահովի։ Այսպիսով՝ 1950թ.-ից ի վեր առաջին անգամ այդ երկրի նավատորմը խաղաղօվկիանոսյան ջրեր դուրս գալու հնարավորություն կունենա։
Բնականաբար Պարսից ծոցի անվտանգության ապահովման խնդիրներին Թուրքիայի անմիջական մասնակցությունը անհնար կլիներ առանց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համաձայնության։
ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն պատրաստ չեն բարձրացնել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների հետ իրենց համագործակցության մակարդակը։ Կատարի հետ թուրքական բազա կառուցելու մասին համաձայնագրի ստորագրման պատճառներից մեկը սեփական անվտանգության ապահովման մեթոդների դիվերսիֆիկացումն ու ընդլայնումն է։ Նման համաձայնագրի կնքումը հիմնված է համատեղ պաշտպանության սկզբունքների վրա։
Այդ համաձայնագիրը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը փորձեր է ձեռնարկում իր դաշնակիցներին ակտիվացնելու միջոցով տարածաշրջանում համապատասխան կարգավորումներ իրականացնել։ Դեպի Ասիա շրջվելու ռազմավարությունը բացարձակապես չի նշանակում, որ Վաշինգթոնը մտադիր է դուրս բերել իր ուժերը Պարսից ծոցից։ Բանն այն է, որ ԱՄՆ-ը ցանկանում է իր գործընկերների հետ կիսել այդ տարածաշրջանում անվտանգության ապահովման ծախսերը։
Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի այդ քայլը հնարավոր է թշնամաբար ընդունվի Իրանի կողմից, որը դա կգնահատի որպես Անկարայի կողմից արաբական երկրների կոալիցիայի աջակցություն։ Մյուս կողմից, ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ, դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես թշնամական արարք, այլ դիտարկել Իրանի եւ Արեւմուտքի, ինչպես նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների հետ հարաբերությունների ենթատեքստում, չէ՞ որ դիվանագիտության ոլորտին եւ քաղաքականության իրականացմանը միանալու առումով Կատարում Թուրքիայի ռազմական բազայի առկայությունը չի կարող վնասել Իրանի շահերին։



























