Ուժեղ քամին եւ հորդառատ անձրեւները առանց լույսի եւ ջերմության են թողել ամերիկյան Կալիֆորնիա նահանգի ավելի քան 150 հազար բնակչի: Հաստատվել է մեկ մարդու մահը Սան Դիեգո քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ՌԾՈՒ-ի խոշոր բազան, տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը:

Նրա տվյալների համաձայն, էներգետիկ Southern California Edison ընկերությունը Սան Դիեգոյի եւ Լոս Անջելեսի շրջաններում էլեկտրամատակարարման վերականգնման համար մոտ 200 բանվոր է մոբիլիզացրել: Քամին, որի պոռթկումների արագությունը երբեմն գերազանցում է 120 կմ/ժ-ը, տասնյակ ծառեր է տապալել եւ վնաս է հասցրել մի շարք շինությունների: Ինչպես հաստատել են Սան Դիեգոյի քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները, զոհվել է այն վարորդը, որի մեքենայի վրա 24,4 մ բարձրությամբ ծառ է ընկել: Ծառը չի դիմացել ուժեղ քամու ճնշմանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հորդառատ անձրեւների կապակցությամբ իշխանությունները հեղեղման վերաբերյալ զգուշացումներ են տարածել մի շարք շրջաններում: Աղետի գոտում օվկիանոսային լողափերի մեծ մասը փակվել է այցելուների համար: Կալիֆորնիայի մի շարք լեռնային շրջաններում, որոնք առափնյա հատվածից դեպի արեւելք են ընկած, մեկ կիլոմետր եւ ավելի բարձրության վրա, ձյուն է եկել, ինչի հետեւանքով ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել փակել մի շարք տեղական ճանապարհներ: Իշխանություններն ավտոսիրողներին խնդրում են սպասել, մինչեւ մրրիկը դադարի եւ առանց ծայրահեղ անհրաժեշտության, չօգտագործել իրենց մեքենաները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: