Շվեդիայում` Գյոթեբորգ քաղաքին մոտակա Էլլես բնակավայրում ներգաղթյալների օթեւաններից մեկում փետրվարի 1-ի գիշերն անկարգություններ են տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է տեղական Գյոթեբորգ թիդնինգ թերթը:
Առկա տեղեկությունների համաձայն, տարածքին նյութական զգալի վնաս է հասցվել: «Ամբողջ գիշեր աղմկոտ էր: Աշխատողները կարծում էին, թե ամեն ինչ կկարգավորվի, սակայն առավոտյան որոշեցին ոստիկանություն կանչել»,- պարբերականին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնը: Նրա խոսքով, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը սկսել է խփել հեռուստացույցին, պատուհանին եւ առաստաղին: Նրա հարեւանները տղամարդու հետ վեճի մեջ են մտել, կռիվ է սկսվել, որի մեջ ի վերջո ներքաշվել է 15-ից 20 մարդ: Օթեւանի աշխատակիցները ստիպված են եղել փակվել շինության տարածքներից մեկում եւ ոստիկանություն կանչել:
Պարեկները տեղ են հասել տեղի ժամանակով առավոտյան 9-ին, երբ ամեն ինչ խաղաղվել էր: Ձերբակալվել է մեկ մարդ, որին կասկածում են նյութական վնաս հասցնելու գործում հանցակցության մեջ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:


























