Ֆիննական Stockmann Group ընկերությունն ավարտել է Ռուսաստանում իր հանրախանութները «Դեբրուս» ԲԲԸ-ի, Debenhams հանրախանութների ռուսական ֆրենչայզի սեփականատեր Reviva Holdings Limited ընկերությանը վաճառելու գործարքը:
Նշենք, որ Stockmann Group-ը կառավարում է հագուստի Lindex, Seppala խանութները եւ Stockmann հանրախանութները:
Ֆիննական ընկերության հաղորդման համաձայն, Reviva-ն ձեռք է բերել Stockmann ԲԸ-ի 100 տոկոսը եւ փետրվարի 1-ից կկառավարի Stockmann-ի ռուսաստանյան յոթ հանրախանութները: Գործարքին հավանություն է տվել դաշնային հակամենաշնորհային ծառայությունը:
Ռուսաստանյան հանրախանութների վաճառքը Stockmann-ի` ցանցի օպտիմալացման եւ շահութաբերության վերադարձման ռազմավարության մաս է կազմում: Ռուսաստանում ընկերությունը կշարունակի կառավարել Սանկտ Պետերբուգում «Նեւսկի» առեւտրի կենտրոնը: Հանրախանութների ցուցանիշները կարտացոլվեն 2015-ի հաշվետվության մեջ` «դադարող գործողություններ» բաժնում:
Գործարքի մասին հայտարարվել էր 2015-ին նոյեմբերի վերջին, դրա գումարը 5 մլն եվրո է կազմում, տեղեկացրել էր այն ժամանակ Stockmann-ը: Գործարքի պայմանների համաձայն, Reviva-ն Ռուսասանում երկու տարով Stockmann ապրանքանիշի օգտագործման իրավունք կստանա, եւ այդ ընթացքում Reviva-ն հանրախանութները կտեղափոխի Debenhams ապրանքանիշի ներքո:
Ռուսաստանում հանրախանութները վաճառելու որոշումը Stockmann-ը բացատրել է դրանց վնասաբերությամբ: «Ռուսաստանյան հանրախանութները վնասով են աշխատել վերջին մի քանի տարվա ընթացքում, իսկ ռուբլու ուժեղ արժեզրկումը մեծացրել է վնասները: Stockmann-ը նպատակաուղղված է շահութաբերության վերադսարձմանը, այդ նպատակով որոշում է կայացվել վաճառել այդ ակտիվները», - ասել է Stockmann –ի գլխավոր գործադիր տնօրեն Պեր Տելինը:



























