Չեխիայում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով մի քանի ժամով դադարեցրել են RegioJet եւ Leo Express կոմերցիոն ընկերությունների ուղեւորատար գնացքների ներքին հաղորդակցությունը: Այս մասին ասված է Չեխիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրությունում:

«Արտակարգ իրադրությունը չի առնչվել պետական երկաթուղային հաղորդակցության համակարգին: Ոստիկանությունը գնացքների ստուգումներ է անցկացրել: Օլոմոուց քաղաքում կայարաններից մեկում իրավապահները կասկածելի իր են հայտնաբերել: Խոսքը պարկի մասին է, որում, սակայն, պայթուցիկ չեն գտել»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ ՏԱՍՍ-ի, կանխարգելիչ միջոցառումներն առնչվել են 14 գնացքների: Հազարավոր ուղեւորներ ստիպված են եղել լքել դրանք: