Եվրամիությունը փետրվարի 2-ի կեսօրին կհրապարակի միության բարեփոխումների մասին Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների շուրջ նոր առաջարկները: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալնդ Տուսկը:

Խոսքն այն պայմանների մասին է, որոնք բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը պետք է համաձայնի երաշխավորել բրիտանացի ընտրողներին՝ հանրաքվեի ժամանակ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու օգտին քվեարկելու համար:

«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք զգալի առաջընթացի ենք հասել, բայց դեռեւս խնդրահարույց հարցեր կան»,- նշել է Դոնալդ Տուսկը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների թեման պետք է առանցքային լինի փետրվարի 18-19-ին նախանշված ԵՄ գագաթաժողովում: Ավելի վաղ Քեմերոնը ԵՄ իշխանություններին 4 պահանջ է ներկայացրել. ԵՄ-ն բազմարժույթային գոտու ճանաչում, միության ներսում մրցունակության բարձրացում, ԵՄ-ի օրինաստեղծ գործունեությունում ազգային խորհրդարանների իրավասությունների ընդլայնում եւ միգրացիոն օրենսդրության խստացում:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման հարցով հանրաքվեն կայանալու է 2017 թվականի վերջին: