Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը համաձայնության են եկել ԵՄ բարեփոխումների նախագծի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին մոտ կանգնած իր աղբյուրները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փաստաթուղթը թույլ կտա ԵՄ անդամ երկրների 55 տոկոսից կազմված խմբերին փոփոխություններ կատարել կամ արգելափակել օրենսդրական նախաձեռնությունները։
Ակնկալվում է, որ արդեն փետրվարի 2-ին Եվրախորհրդի ղեկավարը հանես կգա Մեծ Բրիտանիայի հետ համաձայնություն կնքելու առաջարկով։ Նշենք, որ Բրիտանիան ԵՄ անդամակցության մասին հանրաքվեի շեմին պահանջում է Եվրամիությունում բարեփոխումների ծրագիր իրականացնել։
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ։ Վերջինիս քարտուղարությունից հայտնել էին, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիային թույլ է տվել սահմանափակել ԵՄ աշխատանքային միգրանտների հասանելիությունը սոցիալական բարիքներին։
Նշենք, որ դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում պաշտոնապես ընդունվել է ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնելու օրենքը։



























