Տարվա ընթացքում շարունակել է զարգանալ հայ­ամերիկյան բարեկամական գործընկերությունը. 2015թ. ուժի մեջ է մտել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ հայ­ամերիկյան համաձայնությունը։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Նշվում է, որ փետրվարի 18­ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հետ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

«Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով ապրիլի 23­24­ը Երեւան է այցելել ԱՄՆ ֆինանսների քարտուղար Ջեյքոբ Լյուն` մի շարք կոնգրեսականների ուղեկցությամբ։ Ամերիկյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ:

Մայիսի 5­7­ը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված էկումենիկ աղոթքին, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այցի շրջանակներում՝ մայիսի 7­ին ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ստորագրվել է առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը:

Սեպտեմբերի 27­ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ­ի Գլխավոր ասամբլեայի 70­րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Նոյեմբերի 6­ին Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենի հետ:

Նոյեմբերի 17­ին Երեւանում կայացել է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրով նախատեսված խորհրդի առաջին նիստը:

Նոյեմբերի 19­ին Երեւանում կայացել է Տնտեսական հարցերով հայ­ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը։

ԱՄՆ Կոնգրեսում ապրիլի 22­ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ դեկտեմբերի 9­ին` Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառումներ»,-ասված է հաշվետվության մեջ: