Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցրել ԵՄ հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը, մասնավորապես՝ Հայաստանի ու ԵՄ միջեւ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ քննարկումները եւ բանակցությունները: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ:

Նշվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսին մասնակցել է Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովին: Հունվարին ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ­ԵՄ համագործակցության խորհրդի 15­րդ նիստին։

«ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլին Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների, մայիսին՝ Բրատիսլավայում կայացած Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումներին, հունիսին` Մինսկում եւ նոյեմբերին` Թբիլիսիում կայացած ԱլԳ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին:

Մարտի 17­18­ը Երեւանում կայացել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, ինչպես նաեւ՝ ՀՀ­ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նիստը:

Տարվա ընթացքում Հայաստան են այցելել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը (մարտի 18), Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը (հուլիսի 20), Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին (ապրիլի 22­24, հոկտեմբերի 16):

Հոկտեմբերի 13­ին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի որոշմամբ հաստատվել է ՀՀ­ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը, իսկ դեկտեմբերի 7­ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնապես ազդարարել են ՀՀ­ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Դեկտեմբերի 9­ին ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Հայաստան­ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպմանը: Հաշվետու տարում նախաստորագրվել է ԵՄ հետազոտությունների եւ  նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագիրը, ինչպես նաեւ ստորագրվել է Եվրոպական հանձնաժողովի` Ձեռնարկությունների եւ փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության «COSME» ծրագրին Հայաստանի անդամակցության վերաբերյալ համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 29­ից: Եվրոպական կողմի հետ ստորագրվել են նաեւ «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանը» եւ «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» աջակցության համաձայնագրերը»,-ասված է հաշվետվության մեջ: