Աֆղանստանում ամերիկյան ՌՕՈւ ռմբակոծությունների հետեւանքով ոչնչացվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ստեղծված «Խալիֆայության ձայնը» ռադիոկայանը, հայտնում է Lenta-ն ՝ վկայակոչելով ABC News-ը:

«Երկուշաբթի, փետրվարի 1-ին, ԱՄՆ զինվորականները երկու օդային հարված են հասցրել ահաբեկիչների դիրքերին Նանգարխար նահանգում»,- հայտնել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Մայք Լոուհորնը:

Հեռուստաալիքի տեղեկություններով, զոհվել է ԻՊ 21 գրոհային, որոնցից հինգը ռադիոկայանում էին աշխատում:

Ռադիոկայանը շատ  հայտնի է Աֆղանստանում, որտեղ բնակչության մեծ մասը հեռուստացույց չունի ու երկրի քաղաքացիների 90 տոկոսն էլ ինտերնետ չունի: Աֆղանստանում մոտավորապես 175 ռադիոկայան է գործում:

«Իսլամական պետության» զինյալները «Խալիֆայության ձայնը» ռադիոկայանը բացել էին Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգում 2015 թ. դեկտեմբերի վերջին: Ռադիոկայանն օգտագործվում էր նոր ծայրահեղականների հավաքագրման նպատակով: Իրենց հակակառավարական ելույթներով ու հայտարարություններով արմատական իսլամիստները եթերում երիտասարդներին կոչ էին անում միանալ իրենց շարքերին: