Արմատական «Թալիբան» շարժման գրոհայինը դատի է տվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերին, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Times-ին:

«Թալիբանի» հրամանատար Սերդար Մոհամեդը, որը կասկածվում է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ, հայտարարել է, որ բրիտանացի զինվորականներն իրեն 106 օր անօրինականորեն բանտարկել են Աֆղանստանում:  

Միջազգային իրավունքի նորմերի համապատասխան, միջազգային իրավապահ մարմինները կարող են ահաբեկչական գրոհների իրականացման մեջ կասկածվողներին քննչական միջոցառումների նպատակով կալանքի առնել 96 ժամից ոչ ավելի:

«Ծիծաղելի է այն կարծիքը, թե վտանգավոր ահաբեկչին չի կարելի մի քանի ժամից ավելի կալանված պահել», - իրավիճակը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Փեննի Մորդաունթը:

Նշվում է, որ դատարանի կողմից Մոհամեդի իրավացիության ճանաչումը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ համաշխարհային հանրության համար, քանի որ ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող շատ անձինք կկարողանան օգտվել օրենքի այդ սողանցքից: