Սիրիայում պատերազմը սրելու մասին Ռուսաստանի հասցեին Լոնդոնի հնչեցրած մեղադրանքներն անհիմն են եւ ոչ մի փաստով հիմնավորված չեն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄԷ արտգործնախարար Աբդալլահ Ալ Նահայանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Սիրիայում ՌԴ օդուժի գործունեության մասին Լոնդոնի եւ Արեւմտյան մյուս երկրների այն հայտարարություններին, թե մեր գործողությունները չեն նպաստում կարգավորմանը, ապա մենք վարժվել ենք նման հայտարարությունների։ Դրանք որեւէ փաստի վրա հիմնված չեն եւ արտահայտում են մեր արեւմտյան գործընկերների այն մտահոգությունը, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայի օդային տարածքում արդյունավետ են գործում, իրականացնում են այն խնդիրը, որն իրենց առջեւ դրել է միջազգային հանրությունը ահաբեկչական սպառնալիքը կասեցնելու համար»։