Հայաստանը բազմիցս ասել է ու հիմա էլ նույն կարծիքին է՝ մենք պատրաստ ենք շարունակել ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ուղղություններով։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ։
«Իհարկե, հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն կառույցների առաջ»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԵՏՄ-ին անդամակցելը չի խոչընդոտում այլ երկրների հետ հարաբերություններին, նախարարը պատասխանել է, որ նման տեսակետը չի արտացոլում իրականությունը։ «Հոռետեսներին ասեմ, որ 2015 թ․ հաջող տարի էր՝ ԵՏՄ ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման տեսակետից»,- հայտնել է նախարարը՝ որպես օրինակ ներկայացնելով Չինաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։




























