ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նշել է այն հիմնական մարտահրավերները, որոնց ապագայում բախվելու են ամերիկյան զինծառայողները:
Վաշինգտոնի Տնտեսագիտության ակումբում ունեցած ելույթում Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերին մարտահրավեր են նետում չորս երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
«Աշխարհում անվտանգության առումով տիրող ներկա իրավիճակը տարբերվում է նրանից, ինչին մենք սովոր էինք վերջին 25 տարիներին, եւ մեզանից նոր մոտեցումներ է պահանջում վերլուծության ոլորտում եւ գործողությունների առումով»,- նշել է Քարթերը:
Այդ պատճառով, ըստ նրա, Պենտագոնին հաջորդ տարի անհրաժեշտ կլինի 582.7 մլրդ դոլար, որպեսզի ծախսերը համապատասխանեն փոփոխված առաջնահերթություններին:
Ըստ Reuters-ի, ԱՄՆ-ի ռազմական ծախսերի՝ 2016 թվականի համար նախատեսված ընդհանուր գումարը 607 մլրդ դոլար է:



























