Հայաստանի տարածքում գործող առեւտրային բանկերը անդամակցում են 18 միջազգային դրամական փոխանցումների համակարգերի, որոնցով կարելի է փոխանցումներ կատարել առանց բանկային հաշվի բացման։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկից, 2010 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան փոխանցումների ծավալը կազմել է 97 մլրդ դրամ (մոտ 260 մլն դոլար), որը 8 անգամ գերազանցել է Հայաստանից կատարված փոխանցումների ծավալին:
Փոխանցումների 42 տոկոսը բաժին է ընկնում UNISTREAM համակարգին, որին միացած է միայն 1 բանկ՝ «Յունիբանկը»։ Առանց հաշիվների բացման փոխանցումների համակարգում մեծ մասնաբաժին ունեն նաեւ ZOLOTAYA CORONA-ն (11,4 տոկոս) եւ CONTACT-ը (10,4 տոկոս)։ Այս համակարգերին միացած են ավելի մեծ թվով բանկեր։
Այս շուկայում բավական ակտիվ են նաեւ ANELIK-ը, MIGOM-ը, MONEY GRAM-ը։
Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 212 հազ. դրամ (մոտ 580 դոլար), որը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է 7 հազ. դրամով (մոտ 19 դոլար):





























