Ֆրանսիայում նորից կցուցադրեն ռեժիսոր Պոլ Մորեյրայի «Ուկրաինա. հեղափոխության դիմակները» ֆիլմը, որը պատմում է 2014թ. փետրվարին Մայդանի դեպքերի մասին։ Նշենք, որ Կիեւը քննադատել էր ֆիլմի ցուցադրությունը եւ պահանջել չցուցադրել այն։ Այն նորից եթեր կհեռարձակվի փետրվարի 8-ին Canal+ ալիքով, փոխանցում է  Korrespondent.net-ը։

Վավերագրական ֆիլմի հեղինակը եկել է այն եզրակացության, որ ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժերը եղել են հեղափոխության շարժող ուժը, որոնք, օգտվելով անկայուն քաղաքական իրավիճակից, եկել են  իշխանության։ Ռեժիսորը նաեւ նշում է այդ իրադարձություններում ԱՄՆ դերը։ «Կիեւի նոր իշխանությունները ամբողջովին փոխել են նախկին քաղաքական գիծը եւ շրջվել դեպի ԱՄՆ-ը։ Սակայն արդյունքում ստացվում է, որ Ուկրաինան սովորական զինվոր էր Ռուսաստանի դեմ ԱՄՆ աշխարհաքաղաքական խաղում»,- ասվում է ֆիլմում։

Նշենք, որ եվրոպական մամուլում ֆիլմի կապակցությամբ արձագանքները միանշանակ չէին։ Օրինակ Le Monde-ն նշում է, որ եվրոպական հասարակությունը ֆիլմից ճշմարիտ պատմություն էր սպասում, սակայն ռեժիսորը չի կարողացել տալ Ուկրաինայում կատարվածի ամբողջական պատկերը։ Հոդվածագրի խոսքով՝ ռեժիսորը փորձել է դիմակներ պատռել կոտրված ակնոցով։