Գլենդելի 56-ամյա բնակիչ Շանթ Բադլեյանը 360 օրվա բանտարկության եւ 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել 4-ամյա Վիոլետա Խաչատուրյանցի սպանության գործով, հայտնում է Los Angeles Times-ը։ Բացի այդ, դատարանը 6 ամսով կասեցրել է Բադլեյանի վարորդական իրավունքների ժամկետը։
4-ամյա Վիոլետա Խաչատուրյանցը մահացու վրաերթի էր ենթարկվել մարտի 6-ին՝ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատված։ Նրա հայրը վազել էր աղջկա հետեւից, սակայն չէր հասցրել բռնել նրան, պատմել է ընտանիքի բարեկամը։ Աղջկա մահը արձանագրել էին հիվանդանոցում։
Բադլեյանը վթարի վայրից դիմել էր փախուստի, սակայն հաջորդ օրը հանձնվել էր ոստիկանությոն։ Մարտին նրան 50000 դոլար գրավի դիմաց ազատ էին արձակել։
Նշենք, որ երեխայի մահը հասարակության շրջանում լայն արձագանք էր առաջ բերել։ Ընտանիքին օգնելու համար 46905 դոլար էր հավաքվել։

























