Փարիզի ոստիկանությունը քանդել է գնչուների ճամբարը, որը կառուցվել էր ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասի լքված երկաթգծերի վրա:  

Անցյալ տարվա ամառվանից ճամբարում ավելի քան  350 մարդ էր ապրում: Ինչպես պատմում են տեղի ակտիվիստները, գնչուներից շատերը ճամբարից հեռացել էին մինչեւ ոստիկանական գործողության սկիզբը, տեղեկացնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ֆրանսիական երկաթուղու ազգային ընկերությունը  (SNCF), որին պատկանում է այն տարածքը, որտեղ կառուցվել էր ճամբարը, հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը: 

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը փարիզյան իշխանություններին կոչ է արել սառը եղանակը հաշվի առնելով` վռնդված գնչուներին ապահովել ժամանակավոր կացարանով: 

1990-երից ի վեր հարյուր հազարավոր գնչուներ են եկել Արեւմտյան Եվրոպա, նրանց հիմնական մասը Ռումինիայից եւ Բուլղարիայից է:   

Ֆրանսիան գնչուների նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում եւ կանոնավոր կերպով արտաքսում է երկրից: Նրանցից շատերն ապրում են վրանային ճամբարներում եւ խրճիթներում, որտեղ հաճախ էլեկտրականություն եւ ջրամատակարարում չկա: