Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները փետրվարի 3-ին մերժել են «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը վերաբերող գործունեությունը վերականգնելու շուրջ «Ատակա» ընդդիմադիր կուսակցության առաջարկը: Այս մասին գրում է Novinite-ն:
Քվեարկությանը 109 պատգամավոր է մասնակցել, որոնցից նախաձեռնությանը կողմ է արտահայտել 27-ը, դեմ՝ 17-ը, 65 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
«Ատակա» կուսակցության ղեկավար Վոլեն Սիդերովը Բուլղարիային կոչ է արել ավելի ակտիվ լինել եւ Ռուսաստանին առաջարկել վերականգնել «Հարավային հոսք»-ի շինարարությունը: Նրա խոսքով, պատճառներ կան ենթադրելու, որ Մոսկվան դեռեւս ամբողջությամբ չի սառեցրել այդ նախագիծը, եւ այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստավոր է Բուլղարիայի համար: Նա նշել է, որ նախագծի վերագործարկումը բուլղարական տասնյակ ընկերությունների աշխատանքով կապպահովի եւ դրական խթան հանդիսանա տնտեսության զարգացման համար:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ հունվարի կեսերին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագիծը կանգնեցվել է, եւ Ռուսաստանն այդ առնչությամբ որեւէ բանակցություն չի վարում:
2014 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք»-ի իրականացումը, այդ թվում՝ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:




























