Հայաստանում բիզնեսում շարունակում են պահպանվել քաղաքական ֆավորիտիզմի ռիսկերը: Այս մասին ասված է Heritage հիմնադրամի 2016 թվականի տնտեսական ազատության վարկանիշում: Հայաստանը հայտնվել է 54-րդ հորիզոնականում՝ չափավոր ազատ տնտեսությամբ երկրների խմբում: Վրաստանը 230-րդ տեղում է (հիմնականում ազատ), Ադրբեջանը՝ 91-րդում (չափավոր ազատ):
Տնտեսական բազայի տարբերակումն ուժեղացրել է Հայաստանի տնտեսական դինամիկան: Գործարար ընթացակարգերի պարզեցումը պարզեցրել է նաեւ պետական կարգավորման արդյունավետությունը:
Թեեւ բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջընթացը համեմատաբար բարձր է, ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ՝ դատարանների անկախության եւ կառավարության թափանցիկության մակարդակը բարձրացնելու համար: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններին՝ քաղաքական եւ գործարար շրջանակների սերտ փոխհարաբերությունները ֆավորիտիզմի եւ շահերի բախման շուրջ մտահոգություն են առաջացնում:
«Օրենքի դերի» բաղադրիչով Հայաստանում սեփականության իրավունքի մակարդակը գնահատվել է 20 միավոր՝ 100 առավելագույնից, «Կոռուպցիայից ազատությունը»՝ 37 միավոր:
Հարկային ազատության մակարդակը գնահատվել է 83.8 միավոր՝ միջին համաշխարհային 75-ի պարագայում, պետական ծախսերի օպտիմալությունը՝ 80.7, միջին համաշխարհային 65-ի դեպքում:
Բիզնեսի ազատությունը գնահատվել է 77.5 միավոր, աշխատանքի ազատությունը՝ 62.2 (միջին համաշխարհային 65 եւ 60-ի պարագայում), դրամավարկային ազատությունը՝ 72.8 միավոր (միջին համաշխարհայինը՝ շուրջ 75):
«Ազատ շուկաներ» բաղադրիչով Հայաստանում համեմատաբար բարենպաստ ցուցանիշներ են. առեւտրի ազատության մասով Հայաստանի վարկանիշը 85.6 է (միջին համաշխարհային ցուցանիշը՝ շուրջ 75), ներդրումների ազատությունը՝ 80 (52-53), ֆինանսական ազատությունները՝ 70 (շուրջ 50):




























