12 երկրների առեւտրի նախարարները փետրվարի 4-ին Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում Խաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման համաձայնագիր են ստորագրել, հայտնում է BBC-ն։

Փաստաթուղթը ստորագրել են Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Կանադայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պերուի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Չիլիի եւ Ճապոնիայի առեւտրի նախարարները։ Այս երկրներին է բաժին ընկնում համաշխարհային ՀՆԱ մոտ 40 տոկոսը եւ համաշխարհային առեւտրաշրջանառության ավելի քան մեկ քառորդը։ Համաձայնագրով նախատեսվում է լիովին չեղարկել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրանքների եւ ծառայությունների մաքսային տուրքերը։ Պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացնեն բոլոր անդամ երկրները։ Դրա համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 2 տարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։