Կիեւը բավականաչափ քաղաքական կամք չունի Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին իտալական Limes ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ուկրաինացիները պետք է Մինսկի համաձայնագրերի հիման վրա փոխընդունելի տարբերակներ գտնեն տարաձայնությունները լուծելու համար։ Դա հնարավոր է անել քաղաքական կամքի առկայության դեպքում։ Իսկ ուկրաինական կողմը դրա դեֆիցիտն ունի»,- ասել է Լավրովը։
Արտգործնախարարը նշել է, որ բոլորը միասնական են այն հարցում, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն խաղաղ ճանապարհով, Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցով, փոխանցում է RG-ն։
Լավրովի խոսքով՝ ներկայիս իշխանությունների մոտ Հարավարեւելյան Ուկրաինայի հետ երկխոսություն վարելու ցանկության բացակայությունը շատ է բարդացնում կարգավորման գործընթացը։
ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Գերմանիան եւ Ֆրանսիան Կիեւից ավելի համառորեն կպահանջեն կատարել Մինսկի համաձայնագրերի պայմանները։
Սերգել Լավրովը նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կուտակված խնդիրների ծնունդ է։



























