Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երեւանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։ Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը եւ կարեւորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջեւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։
Զրուցակիցները հեռանկարային են համարել թեթեւ, մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։
Խոսելով մշակութային կապերի սերտացման եւ ամրապնդման անհրաժեշտությունից` վարչապետը կարեւորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի օրերի կազմակերպումը։





























