Հունաստանի ոստիկանության շտաբ գրասենյակը մտահոգված է խորհրդարանում կամ այլ կառավարական շենքում հեռակառավարվող անօդաչու ուղղաթիռների, այսպես կոչված դրոնի միջոցով ահաբեկչություններ կազմակերպելու վտանգի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Պարապոլիտիկա» թերթը՝ վկայակոչելով ՆԳՆ-ից խորհրդարան ուղարկած  նամակը։

Մտահոգության առիթ է դարձել 2015թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ոստիկանները ձերբակալել էին 32-ամյա մի տղամարդու, ով անօդաչու սարքի միջոցով դիտարկում էր խորհրդարանի ներքին բակը։

Ձերբակալվածը պարզաբանել էր, որ ցանկանում էր նկարները ցույց տալ ընկերներին։ Նրան հետո ազատ էին արձակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պատգամավոր Նիկիտա Կակլամանիսի հայցին ի պատասխան՝ ՆԳ փոխնախարարը հայտնել էր, որ նախարարությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը օրենսդրական բազա է պատրաստում դրոնների օգտագործումը վերահսկելու եւ սահմանափակելու համար։