Քառասուն մարդ, որոնք մեղադրվում են Մեքքայի Արգելված մզկիթի վերամբարձ կռունկի շրջվելուն հանգեցրած անփութության համար, կկանգնեն Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանի առաջ, տեղեկացնում է Saudi Gazette պարբերականը:
Սեպտեմբերի 11-ին կռունկի ընկնելու հետեւանքով 109 մարդ էր զոհվել, ավելի քան 230-ը վնասվածքներ էր ստացել: Թագավորական արքունիքը հաստատել է, որ շրջվելու պատճառն ուժեղ քամին է եղել եւ կռունկի սխալ դիրքը:
«Մեղադրյալների ցուցակում 30 պաշտոնատար անձ կա, վերակառուցման կապալառու Saudi BinLaden Group ընկերության տեխնիկական մասնագետներ: Եվս տասը այլ կազմակերպությունների աշխատակիցներ են», — ասված է գրության մեջ:
Պարբերականի տվյալներով, մեղադրյալների քանակը «կարող է կրկնապատկվել եկող շաբաթ», երբ հետաքննության նոր տվյալներ ներկայացվեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թագավորության Գերագույն դատարանը կքննարկի նաեւ զոհվածների եւ տուժածների ընտանիքներին դրամական փոխհատուցման հարցը եւ վճարման կարգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագավորական արքունիքի որոշմամբ, Ուսամա Բեն Լադենի ընտանիքին պատկանող Saudi BinLaden Group ընկերությանն արգելված է մասնակցել նոր նախագծերում, իսկ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է զբաղվել նրա գործունեության ստուգմամբ: Բացի այդ, ընտանիքի բոլոր անդամներին արգելվել է մինչեւ հետաքննության ավարտը լքել երկրի սահմանները
Saudi BinLaden Group ընկերությունը մզկիթի մակերեսի ընդլայնման նախագիծ էր իրականացնում 14 մրդ դոլար արժողությամբ: Վերանորոգման աշխատանքներից հետո մզկիթը կկարողանա միաժամանակ մինչեւ 2,2 մլն մարդ ընդգրկել:


























