Գերմանիայի իշխանությունները մինչեւ 2018 թվականը Սիրիային ֆինանսական աջակցություն կտրամադրեն 2,3 մլրդ եվրոյի չափով, տեղեկացնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Լոնդոնում Սիրիայի վերաբերյալ Դոնորների համաժողովից առաջ ելույթ ունենալով, Մերկելը նշել է, որ 1,1 մլրդ-ը կհատկացվի մինչեւ 2016 թվականը:
Լոնդոնում Սիրիայի հարցով Դոնորների համաժողովի կազմակերպիչները հույս ունեն 2016-ին ռեկորդային 9 մլրդ դոլարի գումար հավաքել Սիրիայում հնգամյա պատերազմից տուժածներին օգնելու համար: Առայժմ ՍԱՀ-ում մարդասիրական ծրագրերի իրականացման համար մոտ 3,4 մլրդ դոլար է հավաքվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համաժողովի կազմակերպչի դերում, որը տեղի կունենա Եղիսաբեթ թագուհու անվան համաժողովների կենտրոնում, բրիտանական խորհրդարանից երկու քայլ հեռավորության վրա, Մեծ Բրիտանիայից բացի, հանդես են եկել նաեւ Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը եւ ՄԱԿ-ը:
Ինչպես ակնկալվում է, սիրիացի փախստականներին, երկրի ներսում տեղաշարժված սիրիացիներին, ինչպես նաեւ փախստականների առավելագույն քանակություն ընդունած երկրներին օգնության վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 9 մլրդ դոլար, ընդ որում դրանից գրեթե 8 մլրդը կհավաքվի ՄԱԿ-ի կողմից համակարգվող տասնյակ բարեգործական կազմակերպությունների արշավի ընթացքում, իսկ 1,2 մլրդ-ը` Սիրիային սահմանակից երկրների խնդրանքով: Ընդ որում, 1,2 մլրդ-ն ընդամենը փոքրիկ մասն է այն գումարի, որի հույսն ունեն Թուրքիան, Լիբանանը եւ Հորդանանը, որոնք մոտավորապես 4,6 մլն սիրիացի փախստական են ընդունել:



























