Կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման հարցերով լատվիական բյուրոն սկսել է ստուգել այն հրապարակումները, ըստ որոնց Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, որպես Լատվիայի վարչապետ իր պաշտոնավարության տարիներին կաշառք էր վերցրել՝ Կատալոնիայի անկախացմանն աջակցություն հայտնելու համար: Այդ աղմկահարույց նորությունը հայտնել էր իսպանական Interviu ամսագիրը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ամսագիրը նշում է, որ Դոմբրովսկիսն իբրեւ վեց միլիոն եվրո էր ստացել Իսպանիայի ինքնավար ռեգիոնի քաղաքական գործիչներից, որից հետո հանդես էր եկել Կատալոնիայի անկախացմանն աջակցող հայտարարությամբ: Interviu ամսագիրը նաեւ վկայակոչում է Իսպանիայի ոստիկանության ինչ -որ գաղտնի հաղորդագրություն, որը պատրաստվել էր այն բանից հետո, երբ Դոմբրովսկիսը 2013 թ. հարցազրույցում հայտնել էր,որ Լատվիան կարող է սատարել Կատալոնիայի անկախացումը:
Դրա հետեւանքով մեծ աղմուկ էր բարձրացել: Այդ հարցազրույցից հետո Լատվիայի դեսպանին կանչել էին Իսպանիայի ԱԳՆ ու բողոքի հայտագիր հանձնել, հայտնում է RG-ն:
Ամսագիրը նաեւ վստահեցնում է, որ 2014 թ. նոյեմբերի 20-ին վերոնշյալ կաշառքների մասին հայտնի էր դարձել Լատվիայի նախագահին, ինչն էլ հենց կարող էր դառնալ Դոմբրովսկիսի հրաժարականի իրական պատճառը: Եվրահանձնաժողովի փոխնախագահն արդեն երքել է այդ սկանդալային հրապարակումը: « Հայտարարությունները, որոնք հրապարակվել են բամբասանքների իսպանական էրոտիկ Interviu ամսագրում, անհեթեթություն են: Դա սուտ է»,- ասել է նա:



























