Ամերիկյան հետախուզությունը գնահատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թիվը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով USA Today-ը:
Հատուկ ծառայությունների տվյալներով, ներկայում ինքնահռչակ խալիֆայությունում զենքը ձեռքին կռվողների թիվը 20-25 հազար է: Անցյալ տարի ահաբեկիչների թիվը 19-31 հազար էր գնահատվել: Միաժամանակ, հաղորդվում է, որ ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի շուրջ 28 հազար զինյալ է սպանվել:
Մասնագետները ենթադրում են, որ խմբավորման անդամների թվի պահպանումը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանց հաջողվում է սպանվածներին եւ վիրավորներին փոխարինել բռնությամբ զորակոչվածներով: «Կամավորների հավաքագրումն այլեւս թույլ չի տալիս բավարարել զինյալների կարիքները»,- հայտարարել է ամերիկյան կոալիցիայի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը՝ հավելելով, որ զինյալների շարքերում մարտական ոգին զգալիորեն նվազել է:



























