Նյու Յորքում հինգշաբթի երեկոյան անօդաչու թռչող սարքը բախվել է 102-հարկանի Empire State Building երկնաքերին։ Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ անօդաչուի օպերատորը՝ Նյու Ջերսիի երիտասարդ բնակիչը, կալանավորված է։  Ենթադրաբար նա փորձել է դրոնի միջոցով մի քանի լուսանկար անել, սակայն կորցրել է սարքի կառավարումը։ Նրան մեղադրում են շրջապատի մարդկանց անվտանգությանը սպառնացող գործողություններ իրականացնելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրոնը բախվել է շինությանը 40-րդ հարկի վրա եւ ընկել 35-րդ հարկի պատշգամբ։ Օպերատորը դիմել է շենքի անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն վերադարձնել դրոնը, սակայն նրանք, տեղեկանալով կատարվածի  մասին, ոստիկանություն են կանչել։