Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Մարիո Կեմպեսին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի վերեւի կիսաշրջանում պատկերված է KINGS OF FOOTBALL անգլերեն մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքեւի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքեւի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` 100 ԴՐԱՄ, որից ներքեւ  ՀՀ զինանշանն է:

Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի դրոշի գունային ֆոնի վրա Մարիո Կեմպեսի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:
Հուշադրամի տպաքանակը կազմել է մինչեւ 20000 հատ: