ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները, հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումների մասով դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դիտարկմանը, որ չնայած 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված առկա են դիտորդների, լրագրողների բազմաթիվ հաղորդումները ընտրախախտումների վերաբերյալ, առայսօր միայն մեկ հոգի է դատարանի վճռով պատժվել, այն էլ՝ պայմանական պատիժ է ստացել, եւս վեց քրեական գործ ուղարկվել է դատարան, ինչպես է ԱՄՆ-ը կառավարությունը գնահատում այս առթիվ ՀՀ իշխանությունների ձեռնարկած քայլերը, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների եւ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը»:

Ռիչարդ Միլսը կոչ է արել ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին «նոր ընտրական օրենսգրքում ներառել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները Հայաստանի ժողովրդի կողմից դիտարկվեն որպես արժանահավատ, լեգիտիմ եւ իրենց կամքի իրական արտացոլում հանդիսացող ընտրություններ»: