Սեպտեմբերի 10-11-ը Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Նեապոլ, ուր սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Նեապոլի նահանգապետ, Իտալիայի խորհրդարանի անդամ Լուիջի Չեզարոյի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում քննարկվել են Նեապոլի հետ Հայաստանի համագործակցության խորացմանը, մարզային եւ քաղաքային մակարդակներով Նեապոլի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական ու մշակութային կապերի հաստատմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Նեապոլի նահանգային պատվիրակության այցելություն Հայաստան` տեղում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Սեպտեմբերի 11-ին դեսպան Կարապետյանը մասնակցել է Նեապոլի հռչակավոր հուշարձաններից մեկում` Castel dell'Ovo միջնադարյան ամրոցում, Armeni խորագրով հայ ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացմանը, ուր ներկայացված էին Հայաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ժամանած 21 հայ գեղանկարիչ քանդակագործների մոտ 200 ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նեապոլի քաղաքապետարանի եւ նահանգապետարանի պաշտոնյաներ, ինչպես նաեւ իտալացի արվեստագետներ ու բազմաթիվ այցելուներ: Ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Հայաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, իտալական Arte & Progress ընկերությունը Մոսկվայի Հայ նկարիչների միության հետ համագործակցությամբ գործելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Դեսպան Կարապետյանն այցելել է նաեւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ուր պահվում է հայ մեծ սրբի ամենակարեւոր մասունքը` գանգը: Եկեղեցին իտալական կաթոլիկ քույրերի «Սուրբ Խաչին նվիրված» միաբանությանն է պատկանում եւ գտնվում է «Ս.Գրիգոր հայի» /San Gregorio Armeno/ փողոցի վրա:





























