Եվրասիական Զարգացման բանկը քննարկում է Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը: Եվրասիական Զարգացման բանկի տնտեսական վերլուծության եւ խորհրդատվության բաժնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը Ալմա-Աթայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե կոնկրետ պայմանավորվածություններ այդ կապակցությամբ դեռ չկան։
Ըստ Վինոկուրովի, դա բավական թանկ նախագիծ է։ Նման ռեակտորի գինը հասնում է մինչեւ 4 միլիարդի, իսկ բանկը ներկայումս քննարկում է Բելառուսում նմանատիպ նախագծի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը նախատեսում է մինչեւ 2016թ. կառուցել նոր ատոմային էներգաբլոկ 1200 ՄՎտ հզորությամբ: Հայաստանի կառավարությունն արդեն 459,7 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել Worley Parsons կոնսորցիումի հետ: Ընկերությունը խորհուրդներ է տալու Հայաստանի կառավարությանը եւ վերահսկելու է ատոմակայանի շինարարությունը: Նոր էներգաբլոկի շահագործման ժամկետը 60 տարի է, եւ այն հագեցած է լինելու անվտանգության պասիվ համակարգերով:
Պաշտոնական Երեւանը նաեւ մտադիր է մինչեւ 2013թ. դադարեցնել 407 ՄՎտ հզորությամբ Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը, բայց հայկական կողմը հայտարարել է, թե կդադարեցնի գործունեությունը միայն այն դեպքում, երբ վստահ լինի այլընտրանքային աղբյուրի ապահովման մեջ:




























