Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին լրագրողների խնդրանքով անդրադարձել է գազի սակագնին։ Նրա խոսքով՝ ամեն տարվա վերջում «Գազպրոմի» հետ բանակցություններ են սկսվում Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, սակայն ներկա պահին դեռ չեն սկսվել։ «Հենց ռուսական կողմը հայտարարի գինը, կսկսենք բանակցել»,- հայտարարեց Ա. Մովսիսյանը։ Նա հրաժարվեց մեկնաբանել, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի հաջորդ տարվա սակագնի վերաբերյալ, նշելով, որ այդպիսի ենթադրությունները ներկա պահին «ավելորդ խոսակցություններ» են։ Նախարարն ավելացրեց նաեւ, որ տարածաշրջանում չի կարող որեւէ ապրանքի գինը տարբեր երկրներում էապես տարբերվել, այդ թվում՝ նաեւ գազինը։ Նա չբացառեց, որ Հայաստանը, որպես այլընտրանք, կարող է եվրոպական գներով գազ ստանալ նաեւ Իրանից։

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանին, Մոլդովային եւ Բելառուսին մատակարարվող գազը հաջորդ տարի պետք է թանկանա։