Երեւանում այսօր` սեպտեմբերի 16-ին իր աշխատանքներն է սկսել «Ագրոֆորում 2010» (Fruitfull Armenia) 6-րդ համաժողովը։ Այն անց է կացվում «Պահպանենք եւ բարելավենք հայկական խաղողագործությունը» նշանաբանով։ Համաժողովին մասնակցելու են եկել այս ոլորտի հայտնի մասնագետներ, մի շարք արտասահմանյան ֆիրմաներ ցուցադրում են ագրոսպասարկման իրենց սարքերն ու մեքենաները։ Այսպես՝ իտալական «Կոնսուլենտե էնոլոջիկան» առաջարկում է սառնարանային սարքեր, բուլղարական «Բիոմաշինը»՝ չժանգոտվող պողպատե տակառներ, ֆրանսիական «Վասլեն Բյուշե»-ն՝ ֆիլտրեր եւ պոմպեր։

Իրենց արտադրանքն են ներկայացնում նաեւ հայկական ընկերությունները։ «Ագան» ՍՊԸ-ն ներկայացել է կաղնե տակառների եւ խմորիչների առաջարկով, «Յունիք Ուայնզ»-ը ներկայացնում է գինեգործության համար անհրաժեշտ սարքեր, պոմպեր, խցաններ եւ այլն։

Համաժողովի մասնակից արտասահմանցի մասնագետները հիմնական ուշադրությունը դարձրին Հայաստանում խաղողի այնպիսի սորտերի տարածման վրա, որոնք ոչ միայն ապահովում են որակյալ գինու ստացում, այլեւ դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ։ Այսպես՝ ըստ ֆրանսիական «Մերսիե գրուպ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ժյուլիեն Լայլուի՝ Հայաստանում լավ արդյունքներ կարող է տալ «Սովենյոն» սորտը, որը շատ տարածված է Ֆրանսիայում եւ Իտալիայում։  

Համաժողովը կփակվի վաղը՝ գինու համտեսով եւ մրցույթով, որտեղ կորոշվի Հայաստանում արտադրվող լավագույն գինին։