«Քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանը ցավակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ Հեղինե Բիշարյանի պես ղեկավար ունենալու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 16-ին իր հասցեին Հեղինե Բիշարյանի տված գնահատականներին՝ասաց. «Նման որակումները, մանավանդ կնոջ վերարտադրությամբ, ցույց է տալիս այդ կուսակցության ղեկավարության մակարդակը: Միայն կարող եմ ցավակցել ՕԵԿ-ականներին, որ նման կարգի ու մակարդակի ղեկավարներ ունեն: Նաեւ ինձ համար զարմանալի է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կնոջ պաշտպանության կարիքն է զգացել եւ հենց Հեղինե Բիշարյանն է, որ որոշել է նրան պաշտպանել իմ՝ միանգամայն ճշմարտացի, գուցե եւ ոչ այդքան բարեհունչ գնահատականի կապակցությամբ: Ղզիկ է նա, ով թաքնվում է կնոջ մեջքի ետեւում եւ չի կարողանում սանձել նման կարգի կանանց՝ նրանց վստահելով նման պատասխանատու դեր, ինչպիսին խմբակցության ղեկավարի դերն է»,-ասաց  նա:

Հմայակ Հովհաննիսյանը Հեղինե Բիշարյանի հայտարարությունը անվանեց «վայրահաչություն», հավելելով, որ չի պատասխանում «նման կարգի կանանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման մակարդակի  արտահայտություններ»: Եւ այնուամենայնիվ, անդրադառնալով Բիշարյանի այն գնահատականին, թե Հովհաննիսյանը «ժանգոտված գործիք է», Քաղաքագետների միության նախագահն ասաց. «Թե ով է գործիք՝ ժողովուրդը շատ լավ տեսավ այն բանից հետո, երբ այդ նույն մարդիկ մատնացույց էին անում Սերժ Սարգսյանի պատկերը, եւ ասում, որ նա ուզում է ֆիզիկապես ոչնչացնել Արթուր Բաղդասարյանին, իսկ Բիշարյանն էլ ասում էր, թե իրենք կլինեն ժողովրդի հետ: Դրանից հետո այդ մարդիկ 180 աստիճանով շրջվեցին ու մոռացան ժողովրդին: Հիմա թող այսքանից հետո մարդիկ դատեն, թե ո՞վ է գործիք՝ Հմայակ Հովհաննիսյա՞նը, ով եղել է միշտ ժողովրդի հետ, թե՞ իրենք, ովքեր ցինիկաբար շահարկել են ժողովրդի վստահությունն ու դաժանաբար խաբել»: 

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում»:  Հովհաննիսյանի այս հայտարարության կապակցությամբ, պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Հեղինե Բիշարյանը՝ նրան մասնավորապես անվանելով «տականք», «էքսկլյուզիվ բացիլ», «կիսականացի դեմքով կզող», «ժանգոտված գործիք»: