Տնտեսվարող սուբյեկտներն իրենց ընկերությունները պետռեգիստրում գրանցել կարող են նաեւ էլեկտրոնային տարբերակով, կնվազեցվեն նաեւ պահանջվող փաստաթղթերի ծավալները։ Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որն էապես կհեշտացնի տնտեսվարող սուբյեկտների գրանցումը պետռեգիստրում։ Այսօր` սեպտեմբերի 16-ին, այդ փոփոխությունները հաստատվեցին կառավարության նիստում եւ կներկայացվեն խորհրդարանին։ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ում իրավասության ներքո է ընկերությունների եւ անհատ ձեռներեցների գրանցումը, այսօր լրագրողների դատին ներկայացրեց սույն փոփոխությունների բովանդակությունը։

Նախատեսվում է, որ գրանցման համար բավարար կլինի միայն անձը հաստատող փաստաթուղթը, կանոնադրությունը, դիմում-հայտը եւ պետտուրքի վճարման մասին անդորրագիրը։ Ընդ որում՝ գրանցումը տեղի կունենա նույնիսկ այն դեպքում, եթե ներկայացված կանոնադրությունը չհամապատասխանի օրենսդրությանը։ Պրակտիկայում ձեռնարկությունների գրանցումը կարող է մի քանի անգամ հետաձգվել, եթե պետռեգիստրի աշխատակիցը կանոնադրության եւ օրենքների միջեւ հակասություն է գտնում։ Սակայն, ըստ Գ. Դանիելյանի, այդ հակասությունները իրավական դաշտում խնդիրներ չեն ստեղծում, քանի որ բոլոր դեպքերում օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի։ Կանոնադրության թերությունը, փաստորեն, բացառապես տնտեսվարողի ռիսկն է, նրա իմիջի մասը։

Մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ վարչական մարմիններն այլեւս չեն կարող տնտեսվարողից պահանջել այնպիսի փաստաթուղթ, որը պետք է ստանալ այլ պետական մարմնից։ «Վարչական մարմիններն իրենք իրենց մեջ պետք է լուծեն տեղեկատվության փոխանցման հարցը, քանի որ վարչական համակարգը մեկ միասնական օրգանիզմ է»,- ասաց Գ. Դանիելյանը։ Նա օրինակ բերեց այն դեպքերը, երբ քաղաքացուն ստիպում են ոստիկանությունից տեղեկանք բերել դատվածության մասին, այնինչ կառավարության տեղեկատվական բազաները թույլ են տալիս նման տեղեկատվությունը ստանալ տվյալների բազայից։

Արդարադատության նախարարն ասաց նաեւ, որ նույնիսկ ռեգիստրի շենքերը կկառուցվեն այնպես, որ բացառեն քաղաքացու շփումը չինովնիկի հետ։ Այսպես՝ առաջին հարկում կաշխատեն միայն օպերատորները, որոնք ստացված փաստաթղթերը կփոխանցեն 8-րդ եւ 9-րդ հարկերում գտնվող աշխատակցին։

Ընթացակարգերի ավտոմատացման հետեւանքով նախատեսվում է ռեգիստրի համակարգում 72 աշխատակցից 10-ին կրճատել։