NEWS.am-ն արդեն հաղորդել էր, որ սեպտեմբերի 11-ին youtube-ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի «գլխավոր հերոսի» ինքնությունը բացահայտվել է, ով նվաստացնում ու բռնություն էր կիրառում ՀՀ զինված ուժերի համազգեստ հագած երիտասարդների նկատմամբ:
Ըստ շրջանառվող լուրերի, նա «Եղնիկներ» գումարտակի հրամանատարի տեղակալն է, ով կոչումով մայոր է: Ներկայումս նրա անունը ճշտվում է:
Այս առնչությամբ, ՊՆ մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենք ուշադիր հետեւում են մամուլում շրջանառվող լուրերին, բայց որեւէ նորություն այդ կապակցությամբ ասել չեն կարող:
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին պաշտպանության նախարարությունն, այս առթիվ հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ այս տեսանյութի հետ կապված սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույն դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ»:
Իսկ արդեն սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում Պնախարար Սեյրան Օհանյանն ընդգծել էր, որ չի հավատում այդ տեսագրությանը, որ հայկական բանակում նման դեպքեր են լինում: Օհանյանը հայտարարել էր, որ ներկայումս տեսագրությունը գտնվում է մասնագետների փորձաքննության ներքո: «Բայց եթե պարզվի, որ նման դեպք է եղել, նա ով դաժանաբար է վարվել զինվորների հետ, խստորեն պատժվելու է: Ցավոք, մենք դեռ այդ մարդուն չենք գտել»,- նշել էր Օհանյանն ու հավելել, որ խստորեն պատժվելու են այդ տեսագրությունները Youtube-ում տեղադրող անձինք:




























