Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը 32 տարի շարունակ գաղտնի մտերիմ հարաբերություններ է ունեցել ծագումով լեհ ամերիկացի փիլիսոփա Աննա-Թերեզա Տիմենեցկայի հետ։ Այս մասին է վկայում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու նախկին ղեկավարի եւ Տիմենեցկայի միջեւ նամակագրությունը, որը հրապարակել է BBC-ն։

BBC-ի ձեռքում հայտնված ավելի քան 350 նամակները պահվել են Լեհաստանի ազգային գրադարանում։ Բացի այդ, 2014թ.՝ Տիմենեցկայի մահվանից հետո, նրա իրերի մեջ Հովհաննես Պողոս 2-րդի հետ բազմաթիվ լուսանկարներ էին հայտնաբերվել, որոնցում Պապը աշխարհիկ հագուստով է։

Տիմենեցկան եւ ապագա Պապ Կարոլ Վոյտիլան, որն այդ ժամանակ Կրակովի արքեպիսկոպոսն էր, ծանոթացել էին 1974թ. փիլիսոփայության  մասին գրքի անգլիալեզու տարբերակի վրա աշխատելու տարիներին։ Հայտնի է, որ նրանք մի քանի անգամ հանդիպել են, զբոսնել եւ դահուկ քշել։

1975թ. Տիմենեցկան խոստովանել էր, որ սիրում է նրան։ Դրան ի պատասխան՝ Վոյտիլան կնոջը նվիրել էր իր ամենահայտնի իրերից մեկը՝ վանական թիկնոցը, հայտնում է Lenta-ն։

BBC-ն հայտնում է, որ ոչ մի ապացույց չկա այն բանի, որ Պապը հավատարիմ չի մնացել կուսակրոնությանը։