Գերմանիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ինտենսիվացմանը։ Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը:

«Անկեղծ ասած՝ ես չէի ցանկանա հաշտվել այն հանգամանքի հետ, որ ճատակատագրապաշտության որոշակի բաժնով այս հակամարտություններն անվանել են սառեցված։ Տարեցտարի դրանցից մարդիկ են տուժում, դրանք խոչընդոտում են համապատասխան մարզերի զարգացմանը։ Փոքր, բայց կոնկրետ քայլերով մենք պլանավորում ենք կայունացնել հրադադարի ռեժիմները, ամրապնդել վստահությունը եւ թեթեւացնել տեղերում մարդկանց առօրյա կյանքը, օրինակ, տնտեսական փոխանակման ուժեղացման միջոցով»,- ասել է նա։

Շթայնմայերի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգիչ են։ Գերմանիան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների ինտենսիվացման կողմնակից է։

Շթայնմայերը նշել է, որ այստեղ կարեւոր քայլ է հրադադարի ռեժիմի խախտման հանգամանքների հետաքննության մեխանիզմներ ստեղծելը։