Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում Ազգային ճակատի (ԱՃ) հիմնադիր Ժան-Մարի լը Պենի տանը, որը գտնվում է Սեն Կլուում` Փարիզի մոտակայքում: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, խուզարկությունը կապված է ԱՃ-ից եվրոպական խորհրդարանականների օգնականների աշխատավարձերի հետաքննության գործի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՃ-ի շուրջ սկանդալը բռնկվել էր դեռեւս 2015-ի մարտին: Այն ժամանակ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ֆրանսիական կուսակցության ղեկավարությանը մեղադրել էր Եվրամիության բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման համար: Կասկածի էր առնվել ԱՃ-ի կողմնակիցներից եվրախորհրդարանականների երկու տասնյակ օգնականի գործունեությունը:
«Եվրախորհրդարանի (ԵԽ) վարչությունը պարզել է, որ եվրոխորհրդարանականների մի շարք օգնականներ շարունակում են կուսակցությունում պաշտոններ զբաղեցնել, չնայած պարտավոր են գործունեություն ծավալել միայն ԵԽ-ի շրջանակում, պարզաբանել են Շուլցի շրջապատից: Չի կարելի աշխատավարձ ստանալ Եվրախորհրդարանից եւ աշխատել այս կամ այն կուսակցության համար»:
Այդ դիմումից հետո Փարիզը հետաքննություն է սկսել:
ԱՃ-ի գործող առաջնորդ Մարի լը Պենը վճռականորեն հերքել էր բոլոր մեղադրանքները` հայտնելով, թե իր զինակիցներն «իրենք իրենց հանդիմանելու ոչինչ չունեն»: Նրա կարծիքով, գործը «քաղաքական մեքենայություն էր», որը Շուլցը սկսել էր Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի «հրահանգով» իշխանության տեղական մարմինների ընտրություններից առաջ, որոնք պիտի տեղի ունենային հենց մարտին: Այդ ժամանակ քվեարկության արդյունքները ֆրանսիացի ընտրողների շրջանում ԱՃ-ի ժողովրդականության լուրջ աճ արձանագրեցին:





























