ԱՄՆ տրանսպորտի նախարար Էնթոնի Ֆոքսը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Չառլզ Ռիվքինը Կուբայի ներկայացուցիչների հետ երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը:
Փաստաթղթի ստորագրման արարողությունն ընթացել է Հավանայում: Կուբայի կողմից այն ստորագրել են երկրի տրանսպորտի նախարար Ադել Իսկիերդո Ռոդրիգեսը եւ Քաղավիացիայի ինստիտուտի նախագահ Ալֆրեդո Կորդերո Պուչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
RBK-ի փոխանցմամբ՝ համաձայնագրով ամերիկյան ընկերություններն օրական 110 չվերթ իրականացնելու հնարավորություն են ստանում, որոնցից մինչեւ 20-ը՝ Հավանա, իսկ 10-ական թռիչք էլ՝ մյուս օդանավակայաններ: Մինչ այս պահը երկու երկրների միջեւ գործում էին միայն չարտերային թռիչքներ:




























