ԿԺԴՀ միջուկային փորձարկումներից ու հրթիռ արձակելուց հետո որպես ուժի դեմոնստրացիա Հարավային Կորեա են ժամանել ԱՄՆ ՌՕՈւ չորս F-22 Raptor կործանիչներ, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով «Ռյոնհափ» գործակալությունը:

Հինգերորդ սերնդի «անտեսանելի» կործանիչները թռել են Քյոնգիդո նահանգի Օսան ամերիկյան ավիաբազայի վրայով ցածր բարձրության վրա:

Ավելի վաղ հայտնել էին, որ Հարավային Կորեայում երեք  Patriot զենիթհրթիռային համալիրներ են տեղակայել ԿԺԴՀ-ից պաշտպանվելու համար:

Համաշխարհային համայնքի հետ Փհենյանի հարաբերությունների հերթական սրումը  հունվարին միջուկային փորձարկումների ու փետրվարին հրթիռ արձակելու հետեւանքն է: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի խախտման դեմ էին հանդես եկել ԿԺԴՀ հարեւանները՝ ի դեմս Հարավային Կորեայի, Չինաստանի ու Ռուսաստանի, նաեւ Միացյալ նահանգները, Ավստրալիան, Ճապոնիան ու այլ երկրներ: