Անհայտ անձինք հրաձգային զենքից գնդակոծել են ռուսական «Մի-8» տեսակի ուղղաթիռը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Աֆղանստանի Կունդուզ քաղաքի մոտ: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է տեղեկացված աղբյուրը:

Նրա խոսքով, ուղղաթիռում անձնակազմի չորս անդամ կար ու ուղեւորներ: Նրանք չեն տուժել: Օդաչուներին հաջողվել է ուղղաթիռը հանել գնդակոծության գոտուց:

«Հետթռիչքային զննման ժամանակ հայտնաբերվել են վնասվածքներ ուղղաթիռի կախովի բաքի եւ պոչի վրա»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ «ՅուԹեյր» ավիաընկերության ուղղաթիռը թռիչքը կատարում էր ՄԱԿ-ի առաքելության հետ պայմանագրով: